Աղձքում` Արշակունիների դամբարանում, իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են արքաների աճյուններն ամփոփող քարե սունդուկներ: Տեղեկացրել է ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը:
Սիմոնյանը նշել է, որ Աղձքը հայոց կարևորագույն սրբավայրերից մեկն է, որովհետև հայոց արքաների աճյունների մի մասը, որոնք փրկվել ու հետ են վերադարձվել Շապուհ 2-րդ արքայի կազմակերպած արշավանքից, գտնվում են հենց այստեղ: «Աղձքավանքում հատուկ այս նպատակով կառուցվում է մի դամբարան, որի խորշերի մեջ տեղադրվում են հայոց արքաների փրկված ոսկորները: Նույնիսկ դեռևս 19-րդ դարում այդ խորշերում ոսկորներ այլևս չեն մնացել, և թվում էր, թե հայոց արքաների աճյունները մենք անդարձ կորցրել ենք ժամանակի թոհուբոհի մեջ: Սակայն 2015 թվականից սկսվեցին Աղձքի պեղումները»,- պատմել է նա:
Հնագետի խոսքով՝ եկեղեցու խորանի առջև`սալահատակի տակ, գտել են երեք քարե մասունքատուփ: «Դրանցից մեկի վրա պահպանվել է խաչի պատկերը: Սկզբում մենք կարծեցինք, որ սա գուցե հելլենիստական երևույթ է, որովհետև մասունքատուփերը, որ մենք գտանք, հստակորեն թվագրվում էին ավելի վաղ ժամանակներին, սակայն դրանցից մեկի վրա պահպանվել էր խաչի պատկեր: Պարզվում է՝ սրանք կնքված քարե սունդուկներ էին, որոնցից երկուսը մենք բացեցինք: Կարծում ենք`բարձրաստիճան անձանց մասունքներ են, քանի որ դրանք եկեղեցում են պահվել»,- ասել է հնագետը՝ հավելելով,- «Սունդուկներում, հավանաբար, արքայական աճյուններ են ամփոփված, իսկ արքաներին պատահական վայրերում չէին թաղում»:
Այս սունդուկները, որոնք, ըստ բանախոսի, կերտված էին խիստ հիանալի և համաչափ զարդանախշերով, պետք է որ նախատեսված լինեին խիստ բարձրաստիճան մարդկանց համար և այն էլ՝ եկեղեցու մեջ. «Խիստ հավանական է մտածել, որ դրանք հենց հայոց արքաների մի մասի ոսկորներն են, որոնք զետեղված էին այդ սունդուկների մեջ՝ զմռսված սալահատակներով»:














