Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կրկնապատկում է մահվան հավանականությունը կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի դեպքում, նույնիսկ եթե հիվանդը չի տառապում շաքարախտով կամ ճարպակալմամբ: Այս մասին ծավալուն հոդված են հրապարակել չինացի բժիշկներ Diabetologia գիտական ամսագրում:
«Դիտարկումներ ցույց տվեցին, որ հոսպիտալացման պահին արյան մեջ գլյուկոզայի քանակի բարձրացումն ուղիղ կապ ունի COVID-19- ից մահվան ռիսկի մեծացման հետ: Մենք արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու համար հիվանդանոցներ մտնող կորոնավիրուսային վարակով յուրաքանչյուր հիվանդի առաջարկում ենք թեստեր, նույնիսկ եթե նախկինում նրանք չեն տառապել շաքարախտով»,- գրում են հետազոտողները:
Բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը ավելի հավանական է՝ ազդի այն մարդկանց վրա, ովքեր տառապում են շաքարախտով, ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդությամբ: Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ սրտի հետ կապված խնդիրները մեծացրել են կորոնավիրուսային վարակից հիվանդների մահվան հավանականությունն ավելի քան չորս անգամ, իսկ ճարպակալումը և շաքարախտը՝ երեքից հինգ անգամ:
Բժիշկներն ուսումնասիրել են ավելի քան 600 անձի հիվանդության պատմությունը:
Նրանցից ավելի քան հարյուրը չեն կարողացել հաղթահարել վարակը: Գիտնականները, վերլուծելով նշված անձանց հիվանդության պատմությունը, հաստատել են բոլոր հայտնի ռիսկի գործոնների առկայությունը, ինչպես նաև գտել են մեկ այլ հետաքրքրաշարժ օրինաչափություն:
Նոր ռիսկի գործոններ
Գիտնականները պարզել են՝ COVID-19- ի հետ կապված բարդություններից` մոտ 2,3 անգամ ավելի հաճախ են մահվան դեպքերը այն մարդկանց շրջանում, ովքեր արյան մեջ շաքարի համեմատաբար բարձր մակարդակ ունեն: Թե որքանով է արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը մեծացնում վիրուսակիրների մահվան հավանականությունը, գիտնականները դեռ չգիտեն, բայց նրանք ենթադրում են, որ արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը կարող է նպաստել արյան մակարդուկների և բորբոքումների առաջացմանը, ինչպես նաև դժվարացնել արյունատար անոթների աշխատանքը:
Հետևաբար, Ջինը և նրա գործընկերները հորդորում են բոլոր բժիշկներին և համապատասխան բժշկական մարմիններին սկսել լայնամասշտաբ հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչպես է արյան մեջ շաքարի պարունակությունն ազդում վիրուսակիրների առողջության վրա և հաշվի առնել դրա կապը COVID-19- ով մահացության թվի աճի հետ`այս հիվանդության դեմ պայքարի ռազմավարություններ մշակելիս:














