Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի 5-րդ տեղակալն է. հաստիքն ավելացվել է ապրիլի 30-ին

24
Արգիշտի Քյարամյանը, ով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նույն օրը նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, պարզվում է՝ Քննչական Կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալն է:

Բայց հատկանշական է, որ այս տարվա ապրիլի 30-ի կառավարության 643-Ա որոշմամբ է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվն ավելացել ևս մեկով՝ դառնալով 5:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները:

Ի դեպ, նշանակումից ի վեր Քյարամյանի անվան շուրջ տարբեր լուրեր են շրջանառվում: Մասնավորապես մամուլն անդրադարձել էր Քյարամյանի ունեցվածքին, երբ հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Այս առնչությամբ Քյարամյանն ասել էր, որ հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին:

Իսկ մինչ նշանակումը, ՊՎԾ-ից լուրեր էին սպրդում մամուլ՝ նրա աշխատանքային ոչ այնքան փայլուն գործունեության մասին։ Ուստի, առնվազն տարօրինակ է նրան ավելի պատասխանատու ոլորտ տեղափոխելու որոշումը։