Այսօր Արտաշատում Ս. Հովհաննես Ավետարանիչ, իսկ Սևանում Սրբոց Հրեշտակապետաց նորակռույց եկեղեցիները օծվեցին: Վերջերս եկեղեցաշինությունը հայ էլիտայի միակ գործն է դարձել, մեկ ամսում երեք եկեղեցի: Արդեն նույնիսկ անհասկանալի է, թե ինչու են կառուցում՝ մի՞գուցե այլ գործ չունեն անելու, մի՞գուցե մեղքերի թողության համար, թե՞ Մայր Աթոռին հաճոյանալու, ում սպասավորներն ամեն հարմար առիթի հայտարարում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ՝ ազգությունն ու կրոնը միմիյանց միախառնեով: Հավանաբար քաղաքականությունն ավելի բարդ է, քան նոր եկեղեցու բացման արարողությունը, դրա համար են Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը այս գործով այսքան տարված: Թերևս վերոնշյալ կետերից ոչ մեկն իր մեջ չի ներառում հոգևոր որևէ արժեք:
Քրիստոնեության ընդունուման պահից ի վեր, երբ հայոց հոգևոր տաճարները ավերվեցին, և նրանց տեղերում կառուցվեցին եկեղեցիներ՝ Մայր Աթոռը, Գեղարդավանքը, Երերույքը և այլն, Հայաստանում հազարավոր եկեղեցիներ կառուցվեցին՝ քրիստոնեության տարածման ու ամրապնդման համար: Եվ այդ եկեղեցիները հային կրոնամոլ, եկեղեցապաշտ ու գլխիկոր դարձնելուց զատ այլ գործ չարեցին, հայը երկու հազար տարի իր հույսը դրեց միայն մոմի վրա, իհարկե, չմոռանանք որոշ փառահեղ հաղթանակներ: Հայաստանում միշտ եկեղեցիներ են կառուցել, երբ երկրում ազգային ոգին ուզում էին կոտրել: Եկեղեցին քանդեց մեր պետականությունը, եկեղեցին հայի պայքարը կոտրեց, եկեղեցին մեզ դարձրեց բարոյական հաղթանակներով հիացող ու ապրող: Իսկ այսօր մեր ինչի՞ն են պետք այդ անաստված կառույցները, մի՞թե հայ ազգն այդքան եկեղեցու կարիք ունի, որ պետք է տարին մի քանիսը կառուցեն, երբ Հայաստանում հազարավոր եկեղեցիներ ու պատմական հուշարձաններ կիսավեր են, որոնք ունեն ճարտարապետական ընտիր կառուցվածք և ամենակարևորը՝ հոգի: Դոդերի, մկների ու այլ մականունավորների կառուցած եկեղեցին ինչի՞ համար է ծառայելու: Երկրում այնքան բան է պակասում, չնայած որ երբեք եկեղեցու պակաս չի եղել, նույնիսկ երբ մեզ այրում էին, եկեղեցին կրկին «օգնել է»: Ինչու համար կառուցել և միլիոնավոր դոլարներ ներդնել մի շենքի վրա, որը ոչ մի հոգևոր արժեք չի ունենալու: Գումարները վատնել անաստված տաճարի վրա, ավելի մեծ մեղք է, քան դրանք ընդհանրապես չկառուցելը: Մեր երկրում հազարավոր երեխաներ որբ են, հազարավոր ընտանիքներ տանիք չունեն իրենց գլխին, երկիրը ոտքից գլուխ կեղտի ու պարտքի մեջ է, պետականությունն ենք մեր կորցնում, ինչ ունենք վաճառվում է, բայց դրա փոխարեն միլիոնավոր դոլարներ են ծախսվում եկեղեցի կառուցելու համար: Եկեղեցի կառուցելով ավելի աստվածապաշտ ու աստվածավախ չենք դառնա, սրանից ավելի կրոնամոլ չէինք էլ կարող լինել: Իմաստ չկա պարզապես, եղածը բավարար է:
Երևի միակ դրականը հայ շինարարի աշխատանքն է, ով իր երկրի մեջ է այդ պարագայում ապրուստ գտնում: Ուրիշ ոչինչ: Այդ եկեղեցիների փոխարեն պետք է զենք գնեին, գործարան կառուցեին, աշխատատեղեր բացեին: Բայց մերոնք նախընտրում են անշունչ, անհոգի, ինչ-որ մեկի գլխին փչած մի նոր եկեղեցի կառուցել, և դրանք կոչել սեփական անուններով: Հայաստանում եկեղեցաշինությունը պետականության քանդման հետ հավասար քայլերով առաջ է ընթանում: Իսկ ազգային ու հոգևոր կենտորնների փոխարեն վեր են խոյանում անաստված շինություններ:











