ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, ինչ կատարվեց խորհրդարանում, կատարվեց Սահամանդրության խախտմամբ:
«Առաջին խախտումն այն է, որ բազմիցս ասվել է, երբ Սահմանադրական փոփոխություններն ընդունվում են ԱԺ-ի կողմից մինչև երկրորդ ընթերցումը, նախագիծն անպայման պետք է ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար: Սա առաջին հերթին կարգավորովում է ՀՀ սահմանադրությամբ: Սա ակնառու խախտում էր, որն ամեն կերպ պետք է դառնա քննարկման առարկա:
ԱԺ կանոնկարագ օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության կողմից, որի արդյունքում խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը: Մյուս խախտումն այն է, որ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքների փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու հնարավորությունից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարոն Սիմոնյանը:
Նա նաև հավելեց, որ այս խախտումների հիման վրա Սահամանդրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/5–րդին դիմելու ՍԴ:
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու հիմքերին, պատգամավորն ասաց, որ այդ հիմքերից մեկն օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է: Այդ հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան որոշումը, որով նախագահին զրկել են իր լիազորություններից:
Մյուս հիմքը, որը կրկին սահմանված է Սահմանադրությամբ, ՍԴ-ի մասին օրենքով լիազորությունների շուրջ առաջացած վեճն է:
«Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը Սահմանադրական դատարանն է, հետևաբար՝ այս պահանջների հիման վրա մենք պետք է առաջ գնանք: Հանրության կողմից բարձրացվում էր նաև մեկ այլ հարց, որ պետք է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել, մինչդեռ պետք է նշենք, որ Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորի 1/5–րդով վիճարկել ՍԴ-ում: Հետևաբար՝ այս հարցերով չենք կարող դիմել ՍԴ, բայց կարող ենք դիմել այն հարցերով, որոնց մասին արդեն ասացի»,- շեշտեց նա:











