Ադրբեջանը ԱՄՆ-ից 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել 10 տարվա ընթացքում

5

Eurasianet պարբերականում հրապարակվել է The Bug Pit բլոգի հեղինակ, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած լրագրող Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության հարցում առավելություն ունի Հայաստանի հանդեպ» խորագրով հոդվածը, որում հեղինակը ներկայացնում, թե ԱՄՆ Պետդեպը որքան ռազմական աջակցութուն է ցուցաբերել Ադրբեջանին և փոխարենը Հայաստանին որևէ աջակցություն չի ցուցաբերվել:

«Ավելի քան 10 տարի Ադրբեջանն ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Հայաստանը ստացել է գրեթե ոչինչ: Այդ մասին են վկայում ԱՄՆ կառավարության փաստաթղթերը:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը, մեծ հաշվով, «հավասարակշիռ» քաղաքականություն է պահպանում երկու երկրների հանդեպ, պաշտպանության նախարարությունը ավելի պակաս բծախնդիր է գտնվել հավասարակշռության պահպանման հարցում: Բաքուն, մասնավորապես, օգուտներ է ստացել Պենտագոնի երկու ծրագրերից, որոնք հայտնի են որպես «Սեկցիա 1004» և «Սեկցիա 1206», որոնք ավելի քիչ են վերահսկվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից, և որոնց հանդեպ կան հանրային պատասխանատվության ավելի պակաս կոշտ պահանջներ:

Ադրբեջանը 2005 թվականից սկսած «Սեկցիա 1004» ծրագրով ստացել է 8.5 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչը միտված է թմրանյութերի դեմ պայքարին օգնելուն, ինչպես նաև 11.5 միլիոն դոլար է ստացել «Սեկցիա 1206» ծրագրով, որն ապահովում է հակաահաբեկչական օգնություն:

Ի տարբերություն դրա՝ Հայաստանը «Սեկցիա 1004» ծրագրով ստացել է միայն 41.000 դոլար, իսկ «Սեկցիա 1206» ծրագրով չի ստացել ոչինչ՝ համաձայն Washington Security Monitor իրավապաշտպան խմբի հավաքած տվյալների, որը մասնագիտացած է ԱՄՆ ռազմական օգնության տարբեր ծրագրերի տվյալների բազա պահելու ոլորտում:

Ադրբեջանի համար հատկացված գումարի մեծ մասը միտված է եղել ռազմածովային ուժերին աջակցելուն, որպեսզի նվազեցնի այն (դեպի ծով ելք չունեցող) Հայաստանի դեմ օգտագործելու ռիսկը, և պայմանավորված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության հարցում ԱՄՆ շահագրգռվածությամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ ուղղվել է ռազմածովային ուժերին:

Պետդեպարտամենտի ծրագրերը նույնպես կարող են օգտակար լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինվորների համար, որոնք վերջին հաշվով կարող են մարտնչել միմյանց դեմ:

1992 թվականից սահմանափակել է Ադրբեջանին ամերիկյան օգնության ցուցաբերումը, սակայն 2001 թվականից սկսած՝ այս սահմանափակումներից հրաժարվում են ամեն տարի: Վերջին անգամ դա տեղի ունեցավ ապրիլի 21-ին, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատեց, որ անհրաժեշտ է աջակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերին, որ դա կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար, որ դա չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելուն միտված ջանքերի շարունակմանը կամ էլ հարձակողական նպատակներով չի օգտագործվի Հայաստանի դեմ»: