Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: ԱԱԾ-ի փոխանցմամբ ՝ 2010 թվականի ամռանը նշյալ հոգևորականը իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում իբրև 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը ՀՀ-ում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Խոսքը գնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի մասին, ով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։
«Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ։ Բնականաբար, Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ մանրամասն ցուցմունքներ է տվել, որ թող ստուգեն, որովհետեւ առանց ստուգման, առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Հենց այս պահին էլ ցուցմունք է տալիս»։
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը դեռևս 2013 թվականից բացահայտել էր օֆշորային սկանդալ, որում ներգրավված էին այն ժամանակվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, գործարար Փայլակ Հայրապետյանը, որն արդյունքում ունեզրկվել էր, և Կճոյանի սանիկը՝ Աֆրիկայում ադամանդի բիզնեսում ներգրավված Աշոտ Սուքիասյանը:











