Զրուցակիցս շուրջ 18 տարի չէր կարողանում երեխա ունենալ: Բազմաթիվ բուժումներից հետո, միևնույն է, իրավիճակը չէր փոխվում, բժիշկներն ասում էին, որ չի էլ փոխվի: «Չբեր էի, ու չէի կարող սեփական ուժերով երեխա ունենալ: Ստիպված եղանք դիմել արհեստական բեղմանվորման: Շատ էինք վախենում, մի քանի անգամ նույնիսկ ետ եմ կանգնել որոշումիցս, բայց հասկացել եմ, որ այլ տարբերակ չկա ու հիմա շատ գոհ եմ, որ իմ մեջ ուժ գտա ու դիմեցի այդ քայլին: 2 փորձից հետո ստացվեց հղիությունս, աղջիկ եմ ունեցել: Ես ու ամուսինս որոշել ենք մեր երեխային չասել, թե ինչ ճանապարհով է նա ծնվել: Հարազատներիցս շատ-շատերը ևս չգիտեն այդ մասին,-ասում է նա ու ավելացնում,- եթե այս ճանպարհով երեխա չունանայի, գուցե նաև ամուսնուս կորցնեի, տանը արդեն անախորժություններ էր սկսվել»:
Հայկական ընտանիքներում միշտ էլ երեխա ունենալու հարցը խիստ է դրված եղել: Հարսանիքի հաջորդ օրվանից սկսած բոլորը ` հարևան, ծանոթ, բարեկամ սպասում են բարի լուրին ու հաճախ հետաքրքրվում: Իսկ այդ լուրի ուշացումը խնդիրների ու վեճերի պատճառ էր դառնում, ինչն էլ ոմանց մոտ հասցնում էր ամուսնալուծության:
Եթե նախկինում չբերության համար հարսին հետ էին ուղարկում հոր տուն կամ զույգերը փոխադարձ համաձայնությամբ բաժանվում էին, այժմ այդ խնդիրը ևս կարելի է լուծված համարել: Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար Կարեն Ջինանյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան իրականացվում է մոտ 300 արհեստական բեղմնավորում, բայց միայն 30%-ին է հաջողվում երեխա ունենալ. «Եթե առաջին անգամ չի ստացվում, ապա պետք է երկրորդ, երրորդ անգամ փորձել»,-ասում է նա:
Ի դեպ, նշենք, որ արհեստական բեղմնավորումը ոչ մի բացասական հետևանք չի ունենում կնոջ օրգանիզմի վրա. «Այնքան, որքան սովորական հղիությունը կարող է ունենալ, եթե հաշվի չառնենք հորմոնալ խթանումը»,-հավելում է սաղմաբանը:
Օրգանիզմի վրա ոչ, բայց ներաշխարհի վրա անհետևանք չի մնում, այս տեսակետն ունի հեգբան Աննա Խաչատրյանը: Նա իր փորձից գիտի, շատերն են դիմել այդ խնդրով. «Ես մի քանիսի հետ խոսել եմ և հասկացել, որ արհեստական բեղմնավորում արած կանայք այլ են լինում ավանդական ճանապարհով հղիացածներից: Նրանք կարծում են, որ այդ երեխան իրենը չէ, որ սխալ են արել ու շատ ժամանակ մեկուսնաւոմ են: Մի անգամ մի կին էր ինձ դիմել, ով 20 տարի երեխա չէր ունենում, այդ կինը շատ ընկճված էր, սակայն հոգեբանական մի քանի սեանսից հետո նա լրիվ վերականգնվեց: Ես իմ 30 տարվա աշխատանքային պրակտիկայում այդքան ծանր ապրումներ չեմ տեսել: Ու միակ դեպքն էր, որ ես ինձնից գոհ էի, կարողացա փրկել այդ կնոջ ընտանիքը»,- պատմում է հոգեբանը:
Ընդհանուր առմամբ արհեստականորեն երեխա «ստեղծելուե գործընթացը, ըստ բժշկի, տևում է 14 օրից, մինչ մեկ ամիս` չհաշված նախօրոք առկա հետազոտությունները: Արուսյակն օրինակ անցել է հետազոտություններ, ասել են, որ կարող է արհեստական ճանապարհով երեխա ունենալ, բայց չի կարող այդքան գումար վճարել. «Մեզ համար շատ թանկ է, հիմա գումար ենք հավաքում կոպեկ-կոպեկ, որ կարողանանք անել, էն էլ պարզ չի առաջին անգամից կստացվի թե ոչ»,-ասում է նա: Արհեստական բեղմնավորման գները տարբեր են` միջինը 2000 դոլար, գուցե ավելի շատ կամ քիչ` կապված է դեղերից, ձևից: Նա նաև վսատեհցնում է, որ այդ ճանապարհը չի կարող երեխայի զարգացման վրա վատ ազդեցություն ունենալ: Կնոջից վերցնում են ձվաբջիջը և 2-3 օր լաբորատոր պայմաններում բեղմնավորում տղամարդու սերմի հետ, որն էլ վերածվում է սաղմի: Այս ամենից հետո պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդի մեջ և 9 ամիս անց կինը ծննդաբերում է: «Մենք ընտրում ենք ամենալավ բջիջն ու սպերմատոզոիդը, գուցե նաև դա հիմք հանդիսանա ավելի խելացի երեխաներ ունենալուն»,-ասում է բժիշկը:













