ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 28-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ հանդիպումը ամփոփող հայտարարություն են տարածել: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«2013 թ-ի հուվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին կողմերին փոխանցված աշխատանքային առաջարկի շուրջ: Նրանք նաև մտքեր են փոխանակել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների վերաբերյալ:
Համանախագահները, հղում կատարելով 2011 թ. ապրիլի 14–ին և 2012 թ. հուլիսի 13–ին իրենց կողմից արված հայտարարություններին, նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից և դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան քաղաքացիական թռիչքներին առնչվող հարցեր:
ԱԳ նախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտաքին գործերի նախարարները վերահաստատել են խաղաղ կարգավորման գործընթացին իրենց աջակցությունը և բանակցությունները շարունակելու իրենց վճռականությունը: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները»:











