«Հյուրանոցները STOP-ի տակ են»

21

Ամանորի հետ կապված հայաստանյան հանգստյան գոտիների հյուրանոցներում շատ մեղմ կլինի ասել, որ «աբսուրդի», երբեմն էլ խելքից դուրս գներ են կիրառվում: Ասվածը հաստատում են իրենք` տուրիստական ընկերությունների տնօրենները, աշխատակիցները և հյուրանոցի տնօրենները: Նրանք նաև չեն ժխտում, որ Հայաստանում հանգիստն ավելի թանկ արժե, քան ասենք` Վրաստանում, Անթալիայում և Եգիպտոսում: Օրինակ` Ծաղկաձորում ամանորյա զբոսաշրջային փաթեթը մեկ անձի համար սկսվում է 250 հազարից, հասնելով մինչև 700 հազար դրամի, Աղվերանում` 5 օրվա գինը` 240 հազարից է սկսվում: Իսկ օրինակ Եգիպտոսում 1150 դոլար` 2 հոգու համար: Ի դեպ, հարկ է նկատել, որ մեր հարցված բոլոր տուրգործակալություններում, միաբերան ասացին, որ այլևս ազատ տեղեր չկան, բոլոր հյուրանոցները զբաղված են: «Հայաստանում բոլոր լավ հյուրանոցներն արդեն ստոպի տակ են, էլ տեղ չկա»,-ասաց տուր ընկերության աշխատակիցներից մեկը, հավելելով որ այս տարի շատացել են ամանորը տանը չդիմավորել ցանկացողները:

Զրուցակիցներս երիտասարդ ամուսիններ են, այս տարի որոշել են խոզի բդից, տոլմայից, ու երշիկ բաստուրմայից, հյուր գնալուց ու ընդունելուց հրաժարվել ու ամանորյա տոներն անցկացնել այլ վայրում. «Սկզբում որոշեցինք Հայաստանում մնալ, բայց հետո հասկացանք, որ էստեղ ավելի թանկ ա, քան` դրսում: Գնալու ենք Եգիպտոս: Նախապես պատվիրել ենք հյուրանոցը,-ասում է Կարենն ու ավելացնում,- մենք ամռանը Հայաստանի հյուրանոցներից մեկում ենք մնացել, ու հիմա որ գները տեսա 2-3 անգամ թանկացրել են»:

Փորձեցինք խոսել Ծաղկաձորի լավագույնը համարվող հյուրանոցներից մեկի տնօրենի հետ, խոսել նրա հետ չհաջողվեց, բայց հարցերին կտրուկ պատասխանեց մենեջերը. «Թանկացրել ենք, բայց դա պայմանավորված չի միանգամից հարստանալու ցանկությամբ, ուղղակի պայմաններն են լավացել»,-ասաց նա:

Տուրիստական ընկերությունների աշխատակիցների խոսքով, պատվերները սկսվում են դեռ նոյեմբեր ամսից, իսկ պատվիրատուներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև` Ռուսաստանից: «Զարմանալի է, բայց արդեն այսօր ազատ տեղ չկա»-,ասում է Հայաստանի հանգստյան գոտիներում իր ընտանիքի հանգիստը կազմակերպել ցանկացող Ռոբերտը. «Չեմ ուզում ուրիշ երկիր գնամ, էսի տոն ա թե չէ ամառը կգնամ ուրիշ երկիր, բա մի հատ մեր երգերի տակ քեֆ չանենք, էլ ինչ նոր տարի: Նախանցյալ տարի դեկտեմբերի վերջին պատվիրացինք, էս տարի դեկտեմբերի 6-ին ազատ տեղ չկար, հետո էլ ասում են մարդիկ աղքատ են ապրում»:

Փաստորեն այն, որ զբոսաշրջության ոլորտը կառավարությունը գերակա էր համարում, ինչպես ասում են` մի բան գիտեր, գիտեր նաև, որ այն շատ եկամտաբեր աշխատանք է` հարազատ երկրում հանգստանալու համար ևս պետք է հարուստ լինել…