Այն, որ մամուլը հեղեղված է Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, խոսք չկա, և ամենայն հավանականությամբ լուրերը ճիշտ են: Եվ այս լույսի ներքո, Երևանը գուցե մի քանի ամսից ղեկավարի Տարոն Մարգարյանը, միգուցե այլ իշխանական ներկայացուցիչ, սակայն այս փոփոխությունների արդյունքում տուժում է միայն Երևանը: Համենայն դեպս` «Ազատ Ձայնի» աղբյուրներն այդպես են փոխանցում, իսկ անձամբ փոխքաղաքապետից մենկաբնություններ լսել չստացվեց, քանի որ անընդհատ անջատած էր նրա բջջայինը: Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը առավոտյան ժամերին ասաց, որ նման բան չկա, կեսօրին` չէր պատասխանում զանգերին, իսկ երեկոյան անջատել էր հեռախոսը կամ գտնվում էր ռադիոծածկույթից դուրս: Ով գիտե, գուցե դեռ հրապարակելու խոսքեր չունեին: Սա էլ իհարկե հասկանալի է: Հասկանալի է այն, որ մեր իշխանությունները անընդհատ չեն հարմարվում Երևանի քաղաքապետերի հետ կամ էլ հակառակը: Բայց այս փոփոխություններից մեկ այլ շերտ էլ է տուժում: Կարապետյանի օրոք քաղաքապետարան մտած մարդիկ նորից դուրս են մնալու, նորից կազմը փոխվելու է և ամեն ինչ նոր քաղաքապետի գալով վերսկսվելու է: (Հիշենք Զախարյանի և Բեգլարյանի օրոք եկած մարդիկ իրենց հետ էլ գնացին): Հետաքրքիր է նոր քաղաքապետը հիմա ինչ է փոխելու Կարապետյանի հետևից, ասենք վահանակները նորից կտեղադրի, կամ գունավոր շենքերիի գույներըը կփոխի: Մի կողմից էլ Տարոն Մարգարյանի երկար փափագած իղձը միգուցե վերջապես իրականանա, ով գիտե: Միգուցե կրկին բախտը չբերի:
Իսկ թե իրականում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հետ լեզու չգտավ, այնքան էլ պարզ չէ: Պարզ է այն, որ «Հայռուսգազարդում» Կարապետյանը բավական երկար աշխատեց ու Ռուսաստանի հետ խնդիրներ չուներ: Ուրեմն պատճառներն այլ են:













