Խմենք անգրագիտության կենացը

23

Հիմնականում կիսագրագետ և անգրագետ ուսուցիչներ, ովքեր կրթություն են ստացել մութ ու ցուրտ տարիներին, կոռուպցիա, ախպերական խոսակցություններ, կարգուկանոնի բացակայություն, գիտելիքի հանդեպ զրոյական ցանկություն, այս գուցե նաև ավելի վատ պատկեր է սպասվում նրան, ով կցանկանա մտնել ցանկացած երևանյան դպրոց` մարզերում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Էլ չենք խոսում, որ այդ մարդը մտնի ասենք, բարձր դասարններից մեկը, կհանդիպի կիսադատարկ նստարանների` աշակերտները չեն հաճախում դպրոց: Ի դեպ, ծիծաղելի է նույնիսկ նկատել ու առավել ևս`բարձրաձայնել, որ մեզ մոտ ծնողը վճարում է, որ երեխան չգնա դպրոց: Իսկ շատ խելացի անգրագետները հաճախ են իրենց «ճոռոմ-ճոռոմ» ճառերում սիրում կրկնել, որ երեխայի ճիշտ դաստիարակման համար դպրոցն ունի կարևոր նշանակություն, որ դպրոցն է մարդուն իսկական հայ դաստիարակում, և որ դպրոցն է այն վայրը, որ հայ է պահում հային և այլն: Եվ այն մարդը, ով հոդվածիս սկզբում ցանկացել էր մտնել դպրոց, հաստատ մի լավ զարմացել է: Շատ-շատ վաղուց Հայաստանի կրթական համակարգը սկսել է «բարեփոխումներ» իրականցացնել, համենայն դեպս` այդ անվանումն են տալիս իրենք այդ բարեփոխումներն իրականացնողները: Իսկ ամեն նոր բարեփոխում ավելի է վատթարացնում իրավիճակը: Իսկ գոնե այսօր մեր երկրում գրեթե բոլոր համակարգերն են կանգնած փլուզման եզրին` առավել ևս` կրթականը: Եվ սա համահայկական աղետ է: Հարգարժան կրթության նախարար` Աշոտյանը, սիրում է իր համոզմունքները հայտնել և ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում, որ լուրջ դեմքով ասի. «կրթական համարկարգում դրական տեղաշարժեր կան»: Ոչ և ևս մեկ անգամ ոչ, հարգելի նախարար, ոչ մի տեղաշարժ` դրական առումով տեղի չի ունենում ո’չ դպրոցներում ու ո’չ էլ` բուհերում: Իսկ մեկը չհարցնի, մի հատ թվարկե’ք խնդրեմ` պրն Աշոտյան այդ բարեփոխումներ ասվածը: Ամոթ չէ, որ թվարկումներում լինի ասենք` էլեկտրոնային դպրոց անվանումը, որը մի մեծ պատուհաս է դարձել դպրոցի ուսուցիչների համար: Շատերը նույնիսկ մեկին փող են տալիս, որ ասենք օրինակ աշակերտների անունները ներառի այդ էլեկտրոնային դպրոց ասվածում, ամոթ չէ, որ նախարարը թվարկումների մեջ ասի` 12- ամյա կրթությունը, որն էլ գլխցավանք է դարձել ծնողների համար: Հա, իհարկե, առաջընթաց է ` փողեր մսխելու լավ միջոց է, իսկ այդ բարեփոխումն իրականցնողների ապրելակերպում լուրջ առաջընթաց կլինի: Այն տպավորությունը չլինի, որ մեր լրատվականն իր առջև լուրջ խնդիր է դրել տեղի-անտեղի փնովելու կրթական համակարգն ու նախարար Աշոտյանին: Պարզապես մեր խմբագրություն բազմաթիվ զանգեր են հնչում, ու մեր ընթերցողներն են դժգոհում ու բարձրաձայնում այս հարցը: Ու թեպետ այսօրվա հոդվածիս թեման դպրոցական ոլորտն է, բայց մի փոքր խոսենք նաև բուհական ոլորտից, չնայած, մեկ նախադասությամբ այն արդեն կարելի է բնորոշել: Եթե մեկ տարվա ընթացքում կարող են անթիվ անհամար դոցենտենր, ու դոկտորներ ու պրոֆեսորներ պաշտպանեն իրենց թեզերը, էլ ինչ կրթական համակարգ, եկեք համակարգը կոչենք` փողական համակարգ: Հա, իսկապես, շատ տեղին է այս բառը: Իսկ համակրգը նոր չէ, որ վատացել է, դրա ակունքներում դաշնակներն են կանգնած, երբ Ռոբերտ Քոչարյանը այդ համակարգ կոչվածը դրեց նրանց ձեռքը: 2007-ին հանրակրթական համակարգը 10-ամյա կրթությունից ամբողջությամբ անցավ 12-ամյայի: Դա արդեն վատ էր մի քանի առումներով, ավելացան տարիները ու սկսվեց մի իսկական խառնաշփոթ` իրենք ուսուցիչները չեն կարողանում տակից դուրս գալ` դասագրքերը նույնն էին, տարիները փոխված, գնահատման եղանակը` նույնպես: Ի՞նչ տարբերություն, երեխան 7, թե 3 կստանար, ո՞րն է տարբերությունը` անունը, որ փաթեթավորված է բարեփոխում անվան տա՞կ: Իսկ իսկական բարփոխում կլինի այն ժամանակ, երբ նոր մոտեցումներ կորդեգրվեն երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ: Բայց ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, չեմ կարծում, թե վաղն ինչ-որ մեկը` ով շատ-շատ է հետաքրքված այսօրվա վիճակով, սկսի մեծ ու իսկական «բարեփոխումներ» իրականցնել` կրթական ոլորտում, վաղն էլ կգա մյուսը ու կսկսի այլ վարկեր վերցնել ու այլ «բարեփոխումներ» իրականացնել: Եվ ամենացավալին այն է, որ գուցե վաղը, մյուս օրը հետ նայենք, ու տեսնենք, որ ազգիս մի մասը իդելական անգրագետներ են, իսկ դաշնակներն ու Աշոտյանը բաժակ կբարձրացնեն ու կխմեն ազգիս կրթական մակարդակի կենացը: