«Ազատ Ձայն» լրատվականի էքսկլյուզիվ հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
-Տիկի’ն Հակոբյան, Դուք` որպես սփյուռքահայերին ամենաշատը մոտ կանգնած մարդ` ի՞նչ կասեք, այսօր ի՞նչ ընդհանուր խնդիրների առաջ են կանգնած նրանք, ո՞րն է բարդությունը:
Հայկական Սփյուռքը բարդ ու հավաքական երևույթ է, համաշխարահային մի տարածք, մի իրողություն, որի առջև ծառացել են բազում համայնքային, համազգային և համաշխարհային մարտահրավերներ. դրանց թվին կարելի է դասել մայրենի լեզվին տիրապետողների թվի նվազումը, ազգային ինքնագիտակցության թուլացումը, ուծացման գործընթացի արագացումը, համայնքների կյանքում չընդգրկված մեծ թվով հայերի առկայությունը, հայկական կրթական հաստատությունների փակման միտումը,խառնամուսնությունների ավելացումը, հայկական կրթական հաստատություններում աշակերտների թվի նվազումը, անկազմակերպ համայնքների գոյությունը և այլն:Հայաստանից վերջին շրջանում գնացածները շատ դժվարությամբ են ինտեգրվում հայկական համայնքներում:
Արդի աշխարհաքաղաքական զարգացումների, գլոբալացման խորացող միտումների պայմաններում մի կողմից ընթանում են սփյուռքների ձուլման, ուծացման, մյուս կողմից նրանց հզորացման, ինքնակազմակերպման բարդ գործընթացներ:
-Եղե՞լ են նախադեպեր, որ մեր իշխանություններն օգնեն սփյուռքահայերին, ասենք, օրինակ, որևէ խնդիր լուծելու համար: Եթե այո, խնդրեմ ասացեք օրինակներ:
ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սփյուռքահայերի դիմումների հիման վրա, որոնք հիմնականում առնչվել են մաքսային արտոնություններից օգտվելու և երկքաղաքացիություն ստանալու խնդիրներին, նախարարությունը դիմել է համապատասխան պետական իրավասու մարմիններին, որի արդյունքում բարձրացված խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ: Մեզ մոտ կան 100-ավոր շնորհակալական նամակներ, որոնք վկայում են մեր օժանդակության մասին: Անհնար է, որ սփյուռքահայը դիմի եւ մենք հարցին ընթացք չտանք: Շատ դեպքերում դրանք մեր իրավասությունից դուրս են, սակայն մենք այն վերահասցեագրում ենք համապատասխան գերատեսչություն եւ հետեւում դրա ընթացքին:
-Երբ պաշտոնական այցով մեկնում եք որևէ երկիր, գիտեմ որ հանդիպում եք համայնքի հետ, ճի՞շտ եմ: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են նրանք դիմում Ձեզ:
Ես մեկնում եմ այս կամ այն երկիր հիմնականում համայնքի հետ հանդիպելու: Փորձում եմ գործող բոլոր կառույցներին այցելել: Բոլորին, առանց բացառության: Ինձ հետաքրքրում են բոլոր հարցերը, նրանց կատարած բոլոր գործերը եւ հիմնախնդիրները: Գլխավոր նպատակներից է նաեւ մեր ծրագրերը սփյուռքահայերին ներկայացնելը, նրանց մեր գործերին մասնակից դարձնելը: Համայնքը լիարժեք է գործում, եթե այնտեղ կան ազգային կառույցներ` եկեղեցի, դպրոց, մշակույթի կենտրոն եւ այլն: Առանձնակի ուշադրություն ենք դարձնում երիտասարդության հիմնահարցերին: Մեր երիտասարդությունը պետք է հայերեն սովորի, հայերեն իմանա: Մայր լեզուն, կրթությունը, հայ մշակույթը, հայ հավատքը` Սփյուռքի ինքնության, հայապահպանության գլխավոր զենքերն են:
-Ի սկզբանե հավն էր թե ձուն, հարցը այս դեպքում կարելի է փոխակերպել այսպես` ովքե՞ր են ստամբուլահայերը` սփյո՞ւռք, թե՞ ոչ:
Ստամբուլում ապրում են հայրենասեր, կազմակերպված հայեր, որոնք մեր մշակույթի, մեր լեզվի եւ մեր ինքնության կրողն են: Իհարկե, նրանք սփյուռքահայեր չեն, քանի որ մեր հայրենակիցներն այնտեղ ապրում են 2000 եւ ավելի տարիներ: Ստամբուլում ապրող մեր հայրենակիցները, հիմնականում, եկել են Արեւմտահայաստանից եւ նրանց սփյուռքահայ կոչել չենք կարող:
-Իրենք իրենց սփյուռք համարո՞ւմ են:
Ոչ, նրանք արեւմտահայաստանցի են:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն գաղափարին, որ Սփյուռքն ունենա ինչ-որ ընտրովի մարմին հենց Սփյուռքում, որը կղեկավարի ամբողջ Սփյուռքը:
Սփյուռքի ցանկացած կազմակերպություն օգուտ է: Եթե կարողանան ստեղծել մի մարմին, ապա սփյուռքի նախարարության գործերը շատ կհեշտանան: Դրա իրագործումը շատ դժվար է:
-Հատկապես վերջին շրջանում կարծես թե արտերկիր մեկնել ցանկացողների թիվն ավելացել է, ի՞նչ եք կարծում, այնտեղ են ստեղծված ապրելու համար լավ պայմաններ, թե՞ այստեղ չկան մինիմալ պայմաններ:
Ակնհայտ է, որ Արեւմտյան երկրների հետ դեռեւս համեմատվել չենք կարող: Իհարկե, տնտեսապես զարգացած երկրներում կան ապրելու եւ աշխատելու գրավիչ պայմաններ: Սակայն, այնտեղ հայրենիք չկա, այնտեղ Հայաստանի հողն ու ջուրը չկա: Մեր պայմանները գնահատելիս, պետք է ելնել այն բանից, թե ինչքանով է կյանքը 90-95թթ. համեմատ փոխվում, ինչպես են վերականգնվում երկրաշարժի, շրջափակման հետեւանքները:
-Տիկին Հակոբյան, արդյո՞ք նախարությանը տրամադրած միջոցները բավարար են ծրագերն իրականցնելու համար: Այ, օրինակ, բյուջեով որքան գումար է նախատեսված Սփյուռքի նախարարության համար այս տարի, արդյո՞ք այն կբվականացնի ծախսերին:
Իհարկե, քիչ է: Սակայն, առաջին տարվա համեմատությամբ, բյուջեն ավելացել է 5 անգամ, անցյալ տարվա համեմատությամբ` 5%-ով: Սփյուռքը շատ հսկա տարածք է, շատ կարիքներ կան: 100 տարի կուտակվել են պրոբլեմներ: Մենք երեք տարում այդ ամենը լուծել չենք կարող: Սակայն , սկսված ծրագրերը, գնալով ընդլայնվում են, մեծանում:
– Կա տեսակետ, որ սփյուռքն առավել քան ներգրավված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, ի՞նչ եք կարծում, արդյոք նրանց մասնակցությունը պետք է նվազեցնել, կամ ավելացնել նմանատիպ գործընթացներում:
Սփյուռքի դերը գնալով աճում է: Սփյուռքն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում թե’ Հայրենիքի և թե’ բնակության երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական, էթնոմշակութային, աշխարհաքաղաքական ոլորտներում:Միջազգային դիվանագիտական կառույցներին զուգահեռ ակտիվորեն գործում են տարբեր Սփյուռքների ժողովրդական դիվանագիտության, լոբբիստական կառույցները: Սփյուռքը դարձել է կարևորագույն գործոն` տիրապետելով ծանրակշիռ ֆինանսատնտեսական,սոցիալ-քաղաքական լծակների: Սփյուռքը դարձել է հավերժ ներկայություն Հայաստանում, եւ ինչքան ավելանա նրա ներկայությունը, այնքան Հայաստանը կհզորանա:













