1994 թվականին կնքված հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքից հետո լուրջ խոսակցություններ են ծավալվում` երկրում պատերազմական վիճակ ստեղծվելու առումով: Սա, իհարկե, նորմալ է նաև այն առումով, որ յուրաքանչյուր պահի պետք է սթափ լինել: Ու հուրախություն մեզ բոլորիս, մենք ավելի հանգիստ ենք, քանի որ ունենք հզոր և մարտունակ բանակ: Մեր զինված ուժերը շարունակում են պահպանել մարտական պատրաստվածությունը, ապահովված են անհրաժեշտ զինտեխնիկայով, խրոխտ և անվախ զինվորներն էլ հանուն հայրենիքի խաղաղության պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել: Մենք ունենք հզոր բանակ, սա այն դեպքերից է, երբ մեր երկրի և’ պատասխանատուների, և’ շարքային քաղաքացիների տեսակետները համընկնում են: Եվ սա քաջ գիտակցում են նաև Ադրբեջանում: Նրանք էլ գիտեն մեր մարտունակության մասին, և դժվար չէ հասկանալ, որ եթե փոքր-ինչ վստահ լինեին իրենց ուժի վրա, ապա այսքան ժամանակ ռազմական գործողություններին սկիզբ կտային: Իլհամ Ալիևը իր հոր օրինակից լավ տեղյակ է, որ միայնակ չեն կարող դուրս գալ պայքարի, իհարկե Թուրքիան իրենց կօգնի, սակայն թուրքերն էլ առանձնապես չեն փայլում իրենց հաղթական պատերազմներով: Ադրբեջանն այս անգամ էլ հույսը դնելու է օտարազգի մոջահեդների վրա, սակայն նախկինի նման այս վարձկանները կրկին իրենց չեն արդարացնի: Եվ որքան էլ որ Ադրբեջանը ի ցույց աշխարհի դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ ամեն անգամ ըստ ճատշաճի հետ մղվելով, փորձելով ԱՄՆ-ին ցույց տալ, որ ինքն էլ կարող է Հարավային Կովկասում շարժ մտցնել, որ պետք չէ ողջ ուշադրությունը Իրանի վրա պահել, սակայն բոլորն էլ գիտեն, որ դրանք փուչ խոսքեր են և անգիտակից քայլեր:
Իսկ մենք արդեն նախադեպ ունենք, երբ 90-94թթ. բոլորը մեկ մարդու պես սեփական կյանքը դրած հայրենիքի զոհասեղանին անձնվիրաբար կռվեցին, ու հաղթեցին: Ցավոք, պատերազմն առանց զոհերի չի լինում, սահմանային միջադեպերի ժամանակ ևս զոհեր են լինում: Հարգանք, մեր զոհերի հիշատակին: Մեզ համար դժվարությունը մի քանի առումներով է, բայց իհարկե, հաղթահարելի: Նախ, մենք պետք է միշտ լինենք զգոն, քանի որ սահմանակցում ենք, մի երկրի հետ, որը տասնյակ տարիներ չի հանդարտվել իր պարտության պատճառով, որ տասնյակ տարիներ երազում է ռևանշի մասին, որ դեռ շատ ջրեր են հոսելու մեր միջև, որ մեր հակառակորդը ամեն կերպ հաղորդում է սուտ տեղեկատվություն` զոհերի, վիրավորների, հարձակումների մասով: Սակայն մեզ, ինչպես պարզ իրականությունն է ցույց տալիս, ոչինչ չի ընկճում, մենք կանք ու հպարտ ենք, որ ունենք տարածաշրջանում նմանը չունեցող մարտունակ բանակ: Ու հավանաբար նաև այդ գիտակցումն է, պատճառը, որ այս դեպքում, հույսներս չենք դրել միջազգային հանրության, վարձու կռվողների վրա: Մենք փորձում ենք սեփական ուժերով անել հասնել հաղթանակի: Եվ պատահական չէ, որ այսօր էլ հազարավոր հայորդիներ` պատրաստ են նույն ոգևորությամբ կռվի դաշտ մեկնել: Եվ ուրախալին այն է, որ նրանց մեջ են ինչպես նախորդ ազատամարտին մասնակցածները, այնպես էլ նոր սերունդը` երիտասարդները: Ուստի թեև այս օրերին փոքր-ինչ լարված մթնոլորտ է տիրում հայ-ադրբեջանական շփման գծում, այդումամենայնիվ, հայը կարող է հանգսիտ գլուխը դնել բարձին, քանի որ հստակ գիտի, որ մեր բանակն ամենահզորն է, և եթե Աստված մի արասցե ստեղծվի առավել լարված իրավիճակ, միևնույն է, մենք հաղթանակած ենք դուրս գալու, քանի որ ունենք հզոր, կայուն, մարտունակ և հայկական բանակ և հզոր ազգ:














