Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին ՀՀ գլխավոր դատախազության մոտ են, սպասում են իրենց դիմումի պատասխանին, որը 5-օրյա ժամկետում պետք է ստանային։
Ծնողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում Հայաստանում որևէ կառույց հանգիստ թողնել, մինչև իրենց բարձրացրած հարցը լիարժեք լուծում չստանա։
«Այսօր արդեն անցել է այդ 5 օրը, եկել ենք, թող իջնեն ու պատասխանեն մեզ, թե ինչ են ձեռնարկելու։ Թող ասեն, թե երբ են գործ հարուցելու, պատասխանատվության ենթարկեն նախ Նիկոլ Փաշինյանին, ապա բոլոր նրանց, ովքեր մեղավոր են 44-օրյա պատերազմում այսքան մեծ կորուստների համար։ Մենք նաև շարունակում ենք մեր միջնորդությունները ներկայացնել` մեզ որպես տուժող ճանաչելու համար։ Ծնողներն անհատական պետք է ներկայացնեն այդ միջնորդությունները»,– նշեց պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով` պետք է իրենց ասեն, թե ովքեր են մեղավոր իրենց որդիների զոհվելու մեջ, քանի որ ըստ նրա` Փաշինյանը խորհրդարանում խոստովանել է, որ ինքը մեղավոր է այդ հարցում։











