Զինված ուժերն իր քայլն արել է, և այսքանով պետք է սահմանափակվեն․ Արթուր Վանեցյան

19
Արթուր Վանեցյան

Հայաստանում տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ չէր, այսօր լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը։

«Ռազմական հեղաշրջման փորձն այն է, որ բոլորդ հիմա պետք է զրկված լինեիք աշխատանքից, ռազմական ղեկավարությունն իշխանությունն ամբողջությամբ վերցներ իր ձեռքը, զորքը դուրս գար փողոցներ, և կառավարության շենքում նստած լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Ուստի, դա ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Սա մեր ժողովրդին սթափեցնելու, ուշադրությունը ևս մեկ անգամ գրավելու փորձ է, որ ասում են՝ մենք կորցնում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը, վտանգված է մեր երկրի ամբողջականությունն ու ժողովուրդը։ 2019 թվականի սեպտեմբերին, երբ ես ներկայացրեցի հրաժարականի դիմում, գլոբալ առումով նույն բաներն էի ասում, ինչ ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»,- նշեց Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի, եթե Զինված ուժերի գլխավոր շտաբը փորձի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջման փորձ, որը չի բխում մեր երկրի շահերից։ «Երկրում ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է։ Բայց եկեք ականջալուր լինենք ԳՇ հայտարարությանը, որ իրոք վտանգված է մեր երկրի ապագան։ Մեր Սահմանադրությամբ Զինված ուժերի գլխավորր շտաբը առանձնացված է, շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, ևս 5 տարի կարող է երկարաձգվել նրա պաշտոնավարումը։ Ինչո՞ւ է դա արված, որպեսզի Զինված ուժերը լինեն ապաքաղաքական։ Եվ նրանց գործը մեր երկրի ֆիզիկական պաշտպանությունն է։ Երբ ԳՇ-ն հայտարարում է, որ մեր երկիրը վտանգված է, և այս իշխանություններն ի զորու չեն ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեր հանրությունը պետք է ականջալուր լիի դրան և սթափ գնահատի։ Զինված ուժերն իր քայլն արել է, և այսքանով պետք է սահմանափակվեն»,- հավելեց նա։