Ռուսաստանից պատասխանել են Փաշինյանին․ քո խղճին ենք թողնում ԼՂ ճակատագիրը

159
ՌԴ ԱԳՆ

«Ռուսական կողմի պարտավորությունները ֆիքսված և գրված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ն է լքում ՀՀ-ն, և մեկնաբանելով հայտարարությունը, թե ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է:

Զախարովան ասաց, որ՝ տեսնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ մտավախություններ կան, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից, չգիտես ինչու, հիշեց երկու այլ մեջբերումներ ռուսական դասականներից:

«Հիշո՞ւմ եք Բուլգակով. «Кто на ком стоял?», և երկրորդը՝ Ստանիսլավսկի. «Надо любить искусство в себе, а не себя в искусстве»: Չգիտես՝ ինչու, ես միանգամից սա մտածեցի: Ես թողնում եմ հարցի այս հատվածը Ձեր հետագա մշակմանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին էր խոսքը: Իսկապես՝ кто на ком стоял»,- ասաց Մարիա Զախարովան՝ զուգահեռաբար հիշեցնելով, թե ինչ քայլեր է իրականացրել ՀԱՊԿ-ը վերջին շրջանում:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, Զախարովան ասաց, որ այստեղ պետք չէ ինչ-որ երևակայությունների գիրկն ընկնել:

«Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ գրված են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, պետք է պարզապես բացել այդ փաստաթուղթը և նայել, թե մեր կողմն ինչ պարտավորություններ ունի, իսկ ինչ՝ ոչ: Եվ վերջ, ամեն ինչ շատ պարզ կդառնա: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան էսկալացիա և կայունացնեն իրավիճակը, և դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Իհարկե, շատ բան կախված է նաև բոլոր ներգրավված կողմերի գործողություններից և հայտարարություններից, որոնք, ինչպես մենք ենք կարծում՝ պետք է լինեն կառուցողական և միտված համընդհանուր հաջողությանը: Եթե արվում են հայտարարություններ, որոնք դեմ են հիմնական նպատակին՝ խաղաղությանը, կայունությանը, ապա մենք միշտ դրա վրա ուշադրություն ենք դարձնում, ձգտում ենք դա անել դիվանագիտորեն՝ հաշվի առնելով դրված նպատակը՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն:

Յուրաքանչյուր անգամ մեր դիվանագիտական հայտարարությունների ետևում լուրջ ջանքեր և հսկայական աշխատանք կա՝ ուղղված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը: Մենք դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարությունները՝ որպես շարունակություն այն գծի, որը ստանձնվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կազմակերպված գագաթնաժողովի ընթացքում, ուստի ՀՀ իշխանությունների խղճին ենք թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը»,- նման կարծիք հայտնեց Զախարովան: