Զախարովայի պատկերացմամբ՝ Մոսկվայի և Բաքվի ստորագրած հռչակագիրը «նպաստում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»

85
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։

«Մենք կատարելու ենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի հանդեպ, որը մեր հին և մոտ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը»,- ասել է Զախարովան։

Իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած դաշնակցային հռչակագիրը, ըստ նրա, աշխատում է «ի նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման»։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ–ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը, Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում կա կետ այն մասին, որ կողմերը համատեղ նպաստելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածության դրույթներն իրականացնելուն», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` 10-րդ կետում ամրագրված է, որ կողմերը փոխգործակցելու են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման հարցում և սերտ համագործակցելու են տարածաշրջանի պետությունների միջև երկարատև խաղաղություն հաստատելու հարցում։