Մարիա Զախարովան` Լավրովի հայտարարությունների մասին

14

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը:

«Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու: Դուք քաջատեղյակ եք մեր դիրքորոշմանն այս հարցի շուրջ, և մեծ խնդրանք ունենք՝ առաջնորդվեք դրանով, այլ ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, որոնք ռուսական կողմը չի անում», – հայտարարել է Զախարովան:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը` Մարիա Զախարովան հայտարարել է, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը, և Ռուսաստանը կողմ է հինգ օկուպացված շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում և տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգերի վերականգնմանը»: