Ըստ Ալիևի՝ գերեվարված 62 շիրակցիները «ահաբեկիչ դիվերսանտներ» են, ոչ թե ռազմագերիներ

69

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հադրութի Խծաբերդ գյուղի մոտ գերեվարված շիրակցիներին համարում է «ահաբեկիչ, դիվերսանտ», ոչ թե ռազմագերի։

Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց մոտ 62 զինծառայողի կորելու մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հաստատել է, որ մի քանի տասնյակ գերի կա Խծաբերդի հատվածում։ Հադրութի Խծաբերդ գյուղում շրջափակման ու գերության մեջ են հայտնվել կամավորներ ու պահեստային զորակոչվածներ։

Ըստ Ալիևի՝ հայերը չեն ցանկանում հեռանալ «ադրբեջանական հողերից և սադրանքների են դիմում», գրում է Oxu.az-ը։

«Արդյունքում զոհվել են մեր զինծառայողները։ Բայց մենք մարդասիրական մոտեցում դրսևորեցինք և հայերին գերի վերցրինք։ Բայց նրանց չի կարելի ռազմագերի համարել, քանի որ պատերազմն ավարտվել է։ Նրանք ահաբեկիչներ, դիվերսանտներ են։ Նրանք Խոջավենդի շրջան են եկել ՀՀ Շիրակի մարզից նոյեմբերի 26-ից հետո։ Ինչո՞ւ են եկել։ Ո՞վ է նրանց ուղարկել։ Պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին, հայտարարություն է ստորագրվել։ Եթե ՀՀ ղեկավարությունը չի կարող վերահսկել այդ ապօրինի զինված կազմավորումները, դա նրա խնդիրն է։ Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել»,-ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփման վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ։