Ընթացիկ խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու կարիք չկա․ Տիգրան Աբրահամյան

16

Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջին, ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և երկրորդ, ի՞նչ օրակարգի շուրջ։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Առաջինը կարևոր է հասկանալու, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական ռաունդն է լինելու։

Երկրորդ, ինչպիսի՞ դիրքավորում են ապահովելու Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ և վերադարձն ինչի շուրջ է լինելու։

Բավականին նուրբ ժամանակահատված է։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն իր բոլոր ենթատեքստերով մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա, առաջին հերթին պատասխանատվության տեսանկյունից։

Պետք է հաշվարկել բոլոր քայլերն ու հայտարարությունները երկարաժամկետ կտրվածքով։ Ընթացիկ, ոչ առաջնային խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու անհրաժեշտություն չկա»։