Իմ ամուսինն իրեն զգում է այնպես, ինչպես կզգար յուրաքանչյուր մարդ, որն ահռելի խնդիրներ ունի և օր ու գիշեր մտածում է այդ խնդիրները լուծելու շուրջ, ահռելի պատասխանատվության բեռ է զգում և սրա կողքին ասել, որ մեր կյանքը բարելավվել է, կարելի է ուղղակի ժպտալ դրա վրա։ Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նման կերպ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչպես է իրեն զգում Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանութան է եկել՝ ժողովրդին խոստումներ տալով, չի կատարել․ նախկինները ազատության մեջ են, և բարելավվել է միայն վարչապետի ընտանիքի վիճակը
Հարցին, թե ինչո՞վ է տարբերվում նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վարչապետի տիկինը պատասխանեց․ «Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարյուր տոկոսով նույնն է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ նույնն է, ինչ լրագրող Նիկոլ Փաշինյանը, թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը և նույն Նիկոլ Փաշինյանը, ում հանդիպել եմ 1995 թվականին։ Սրանք ուղղակի խոսքեր չեն, սենտիմենտալ հայտարարություն չէ, սա փաստ է, որը կարելի է անընդհատ ստուգել, որովհետև այսօր իմ ամուսինը փորձում է երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995 թվականին»,- շեշտեց վարչապետի տիկինը:











