«Խաղաղության պայմանագիրն» ամրապնդելու է Ադրբեջանի ոճրագործությունների հետևանքով ունեցած ձեռքբերումները

22

«Խաղաղության պայմանագիր» անվանումն ինքնին առասպել է. այն չի համապատասխանում կնքվելիք պայմանագրի իրական բովանդակությանը։ Ստեղծված իրավիճակն այդ պայմանագրի կնքումով էականորեն չի փոխվելու, ավելին՝ ամրապնդելու է Ադրբեջանի դիրքերը և հարմար պահին թշնամին նորից հարձակման է անցնելու՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական, իրավական, միջազգային հարթակներում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Արմեն Այվազյանը։

«Այդ պայմանագիրն ամրապնդելու է Ադրբեջանի հանցագործությունների, ոճրագործությունների հետևանքով ունեցած ձեռքբերումները։ Հայաստանը համաձայնվելու է չվիճարկել դրանք, հրաժարվելու է կենսական նշանակության շահերից, որոնք ապահովում են ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Արցախի երաշխավորը լինելուց։ Իսկ հրաժարվել Արցախի երաշխավորը լինելուց, նշանակում է հրաժարվել ՀՀ անվտանգության կենսական շահերից։ «Խաղաղության պայմանագիր» հնարավոր է կնքել միայն այն դեպքում, երբ գոնե թշնամանքի բացահայտ դրսևորումները բացակայում են։ Իսկ եթե դրանց առկայության պայմաններում է կնքվում ինչ-որ պայմանագիր թշնամու հետ, որը շարունակում է իր հարձակումները՝ նպատակ ունենալով ցեղասպանել, հայաթափել Արցախն ու Հայաստանը, նշանակում է ստորագրել կապիտուլյացիոն ակտ»,-շեշտում է պատմաբանը։