Wikileaks-ը ցեղասպանության մասին փաստաթուղթ է հրապարակել

11

Այս անգամ «Wikileaks»-ը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ թուրքական իշխանությունները խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը:

«Wikileaks»-ը գրում է, որ հայ-թուրքական հաշտեցման հիմնական արգելքը Հայոց ցեղասպանության թեման է, ինչպես նաև` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չեն դադարում երկուստեք մեղադրանքները այս խնդրի առնչությամբ:

Հայկական Սփյուռքը հավաքել է բազմաթիվ վկայություններ և փաստաթղթեր, որոնք հաստատում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ հայերի դեմ իրականացվել է ոչնչացման ծրագրված քաղաքականություն, որի ժամանակ մահացել է ավելի քան 1.5 մլն մարդ:

Ինչպես նշվում է փաստաթղթում, հայկական կողմն ինքնության հետ կապված որևէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք ինքնության պահպանման հարցում շատ ծանր վիճակում են գտնվում և այն անփոփոխ է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի ժամանակաշրջանից ի վեր։

Անգամ, այսօր Թուրքիայում կարծում են, որ եթե իշխանություններն ընդունեն հայերի դեմ իրականացված որևէ սխալ, ապա դա հարցականի տակ կդնի երկրի սահմանները, ինչպես նաև` կթուլացնի Թուրքիայի մոտեցումը` փոխհատուցում վճարելու հայերի պահանջներին:

Հայ և օտարերկրյա պատմաբանները նշում են, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ արխիվների ազատ ուսումնասիրության հարցում արգելքներ են ստեղծում, դրանով իսկ թաքցնելով համոզիչ փաստերը, որոնք ապացուցում են, որ իրենք մեղավոր են Ցեղասպանության հարցում:

Հատկապես Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը տարիներ շարունակ դիմել է ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների` պնդելով, որ նրան բազմիցս արգելել են ուսումնասիրություններ իրականացնել թուրքական արխիվներում։

Իսկ Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Յուսուֆ Սարինայը ԱՄՆ հյուպատոսարանում հայտարարել է, որ արխիվների ուսումնասիրության համար անհրաժեշտ է արտգործնախարարության թույլտվությունը, իսկ հայ հետազոտողների բողոքները բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ։

Հատկապես, թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը նշում է, որ Թուրքիայում գրանցվել է Հայկական հարցի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի «զտման» երկու փորձ։

Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականների 1919թ. խոստովանությունը փաստում է, որ պատմական ճշմարտության խեղաթյուրման առաջին փորձը տեղի է ունեցել 1918թ.՝ նախքան «դաշնակիցների կողմից Ստամբուլի գրավումը»։

Ըստ Բերքթայի, երկրորդ փորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը մտածում էր արխիվները բացելու մասին։ Թուրք պատմաբանի խոսքով՝ այդ գործողությունն իրականացվում էր պաշտոնաթող գեներալների և դիվանագետների կողմից` Իրաքում Թուրքիայի դեսպան Նուրի Մուհարրեմ Բիրգինի գլխավորությամբ։

Նախկին դեսպանը, Հալիլ Բերքթայի հետ զրույցում նշել է, որ արխիվում աշխատելու ժամանակ, նա հաջաղություններ է գրանցել արխիվային փաստաթղթերի զտման գործում` ասելով. «Ես, իրոք, մորթեցի հայերին»։

Հոդվածում ասվում է, որ որոշ թուրք պատմաբաններ պնդում են, որ արխիվներում անընդհատ շարունակվում է հայկական արխիվային փաստաթղթերի զտման գործընթացը: