WikiLeaks-ի կողմից բացահայտած հերթական փաստաթուղթը Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթուղրուլ Ափաքանի` 2008 թվականի դեկտեմբերին Վաշինգտոն կատարած այցի հաշվետվությունն է: Այս մասին տեղեկացնում է > ռադիոկայանը:
Փաստաթղթում բավական մանրամասնորեն ներկայացված է Ափաքանի եւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի բանակցությունների ընթացքը:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ ամերիկացի եւ թուրք դիվանագետների քննարկման հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան կարգավորումն էր:
«Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում թուրք դիվանագետներն ընդգծում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրենց հավաստիացրել են, թե բանակցությունները բավական հաջող ընթացք ունեն, եւ խնդրի լուծման բավական լավ հնարավորություններ առկա են», – 2008 թվականի դեկտեմբերին նշել են Պետդեպարտամենտի աշխատակիցները:
Ֆրիդի եւ Ափաքանի հանդիպմանը ներկա` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի այն ժամանակվա ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կողմերին տեղեկացրել է. – «Սերժ Սարգսյանն ավելի մեծ ռիսկի է գնում` գործընթացն առաջ տանելով, եւ հարկ է նկատել, որ Իլհամ Ալիեւը բավական բարձր է գնահատում նրա այդ փոխգործակցությունը»:
Գաղտնազերծված փաստաթղթից նաեւ պարզ է դառնում, որ թուրք – ամերիկյան բանակցությունների մի զգալի հատվածը նվիրված է եղել Հայաստանի նախագահի անձի եւ գործունեության քննարկմանը:
«Թուրքիայի փոխարտգործնախարարը նշեց, որ Իլհամ Ալիեւը բավական բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կառուցողական դիրքորոշումը եւ ընդհանուր առմամբ բավական դրական կարծիք ունի նրա մասին», – նշված է Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ:
Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից ընդամենը 10 ամիս առաջ նշել էր. – «Ադրբեջանա – հայկական եւ թուրք – հայկական խնդիրների միջեւ մենք ուղղակի կապ չենք տեսնում: Այնուհանդերձ, կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում հնարավոր առաջընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների վրա»:
Ափաքանը մեկ անգամ եւս կրկնել էր, որ երկու խնդիրները փոխկապակցված չեն, եւ պաշտոնական Անկարան դրանցով զբաղվելու է առանձին-առանձին:
Ամերիկացիները, իրենց հերթին, հույս էին հայտնել, թե թուրքական կողմը օգտակար դերակատարություն կունենա` մասնավորապես, դրդելով Ալիեւին ավարտուն տեսքի բերել կարգավորման համաձայնագիրը:
«Ընդհանուր առմամբ, թե’ Անկարայում եւ թե’ Վաշինգտոնում որպես համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետ բանակցության մասնակիցները նշում էին 2009 թվականի կեսերը», – ասված է փաստաթղթում: