«Վստրեչի Ապերին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

16

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Պարզվել է, որ Ա. Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում: