«Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի եւ Թուրքիայի դեսպանություններին հայտնում է, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրում կատարվել են կարեւոր փոփոխություններ, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Դիվանագիտական ներկայացուցչությունների տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանը փոփոխությունները հաստատել է փետրվարի 10-ին: Դրանք առավելապես վերաբերում են «ապրանքի ծագում» հասկացության սահմանմանը:
Դրանից բացի, փոփոխությունները թույլ են տալիս ազատ առեւտրի ռեժիմի շրջանակում Վրաստանից ԵՄ արտահանել ապրանքներ, որոնք արտադրվել են թուրքական հումքով:
«Համաձայնագրի շնորհիվ կմեծանա արտադրանքի տեսականին, որը կարող է արտահանվել ԵՄ: Սա օգուտներ կբերի ինչպես վրացական, այնպես էլ թուրքական բիզնեսին»,- նշված է հայտարարության մեջ:
Դեսպանությունում համոզված են, որ սա կխթանի Վրաստանի տնտեսության մեջ թուրքական ներդրումները, կնպաստի համատեղ ընկերությունների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Թուրքիան Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: 2020 թվականին երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1,6 մլրդ դոլար: Թբիլիսին եւ Անկարան ազատ առեւտրի մասին համաձայնագիրը վավերացրել են 2008 թվականին:
Վրաստանը նաեւ ազատ առեւտուր է կատարում ԵՄ-ի, Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) երկրների, Հոնկոնգի եւ Չինաստանի հետ: Ակտիվորեն քննարկվում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը: Բանակցություններ են սկսվել նաեւ Հնդկաստանի հետ:
Երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի զուտ արտահանման 87 տոկոսը բաժին է ընկել ազատ առեւտրի ռեժիմով երկրներին:














