Նոր ճանապարհների ի հայտ գալը ռեգիոնի լոգիստիկ քարտեզում էական ազդեցություն չի ունենա Վրաստանի տարանցիկ պոտենցիալի վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Պաատա Ղագարեիշվիլին։ Report-ի հետ զրույցում փորձագետը հայտարարել է, որ երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների շահագործումը խոչընդոտ չի ստեղծի Վրաստանի տարանցիկ գործառույթների համար։ «Մենք ունենք հուսալի միջանցք, ինչպիսին օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարսն է, եեւ շուտով բեռնափոխադրումները դեպի Կենտրոնական Ասիա վերաուղղորդվելու են դեպի այդ միջանցք։
Վրաստանը նույնպես չի կորցնի բեռների ծավալ, որոնք փոխադրվում են Ռուսաստանից Լարսի անցակետում, քանի որ այն ամենից կարճն է»։ Ինքնին հասկանալի է, որ Վրաստանի մտավախությունը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի կողմից Հայաստանում նոր երկաթուղու կառուրցման հետ է կապված, որով Ադրբեջանը կկապվի Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանն էլ կկարողանա երկաթուղային ճանապարհով դեպի Ռուսաստան փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նաեւ քննարկվում է նոր ավտոմայրուղու կառուցումը եւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային հաղորդակցության հաստատումը՝ Նախիջեւանի վրայով։











