Վրաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով արգելել են հարսանիքները, հոբելյանները եւ հոգեհացերը

28

Վրաստանի իշխանությունները համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված որոշում են ընդունել մի շարք սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»։

Վրաստանում նախօրեին սահմանվել էր կորոնավիրուսով վարակակիրների հայտնաբերման նոր հակառեկորդ՝ մեկ օրում 45 դեպք։ Նրանց մեծ մասը բաժին է ընկնում Աջարիա սեւծովյան երկրամասին, որտեղ եղել է հանգստացողների մեծ հոսք։

«Մի քանի օր առաջ մենք ներկայացրել էինք սահմանափակումների հանումը եւ թատրոնների ու կինոթատրոնների բացումը, որոնց մի մասը պետք է բացվեր սեպտեմբերի 15-ից, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 1-ից, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշվել է այս օբյեկտների բացումը մեկ ամսով հետաձգել՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, ինչպես նաեւ մանկական զվարճանքի կենտրոնների բացումը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։

Դրանից բացի, երկրում սեպտեմբերի 10-ից արգելված է հոբելյանների, հարսանիքների, հանդիսությունների եւ այլ արարողությունների անցկացումը։

Հասարակական միջոցառումների անցկացումն արգելվում է ինչպես փակ տարածքում, այնպես էլ փողոցում։