Որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ նույնիսկ իրենց անհարգալից են պահել: Այս մասին aravot.am-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, որ ինքը մեկ սեղանի շուրջ էր հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցություններին, արտախորհրդարանական ընդդիմությանը, բայց բոլորը չհավաքվեցին. ինչո՞ւ չհաջողվեց.
«Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տաք: Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել: Ցավում եմ: Չեմ կարծում, որ չեմ շարունակելու ոչ միայն շփվել բոլորի հետ, այլև փորձել, որ ի վերջո ինչ-որ ներդաշնակության, համաձայնության, փոխզիջումների և հանդուրժողականության գանք: Առանց դրա հնարավոր չէ:
Ինձ համար նշանակություն չունի, որ որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ նույնիսկ իրենց անհարգալից են պահել, քանի որ ես, որպես նախագահ, իրենց արտահայտությունները թողնում եմ մի կողմ, նայում եմ այն իրավիճակին, որ գոյություն ունի այսօր մեր երկրում և այն մարտահրավերներին ու խնդիրներին, որ այսօր ունենք: Նորից եմ ասում՝ անձնավորելը սխալ է, հետևաբար, ես ինչպես փորձել եմ բոլորի հետ շփվել, այդպես էլ շարունակելու եմ՝ կոչ անելով, որ երկխոսություններ լինեն, մարդիկ հանդուրժող լինեն: Ուրիշ ճանապարհ չունենք»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Նախագահի համոզմամբ՝ հնարավոր չէ, որ որևէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն երկիրն այս իրավիճակից միայնակ հանեն, անհնարաժեշտ է բոլորիս ներդրումը:











