Որն է Վազգեն Մանուկյանին ընդդիմության թեկնածու առաջադրելու պատճառը

66
Վազգեն Մանուկյան
Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձեւավորի եւ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու ներկայացնել Վազգեն Մանուկյանին:

«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելիությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,-ասաց նա:

Վանեցյանը նաեւ հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որ եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն՝ Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»: