Որդին պատի մոտ նստած սուրճ է խմել, հայրն էլ չի կարողացել արգելակել մեքենան. Մանրամասներ ողբերգական դեպքից

12

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 09։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հացիկ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Հացիկ գյուղի բնակիչը, վարելով իր «Գազ-3129» մակնիշի ավտոմեքենան, իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 38-ամյա որդուն, ով տեղում մահացել է։ Այժմ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը «Փաստինֆո»-ին պատմեց դեպքից մանրամասները. «Բակում կոֆե է խմել, հայրն էլ դաշտից ավտոյով գալուց մտել է բակ։ Իրենց հայաթը 20 մետր է մինչև մուտքը, մի քիչ սպուսկ կա, եկել ու տոռմուզները չեն պահել, որդին էլ պատի մոտ նստած կոֆե է խմել։ Գնացել ու դեմ ա եղել պատին»,-ասաց գյուղապետը՝ ընդգծելով, որ արգելակման խնդիր է եղել։

Մահացածն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ընտանիքով Ռուսաստանում էր բնակվում։ Գյուղապետի խոսքով մայրը լավ չի եղել, եկել է մոր մոտ, բայց պետք է գնար։ Կորոնավիրուսի պատճառով գնալը հետաձգվել է, սեպտեմբերի 2-ին պետք է գնար Ռուսաստան՝ ընտանիքի մոտ։ Մահացածն ուներ նաև երկու եղբայր. «Ով կմտածեր, ոչ ոքի մտքով նման բան չէր կարող անցնել։ Լրիվ անիմաստ տեղը»,-նշեց գյուղապետը։