Որ երկրների դեսպաններն են հրավիրվել ՀՀ ԱԳՆ օկուպացված Շուշի այցի կապակցությամբ

24
ԱԳՆ

Հուլիսի 13-ին Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Lragir.am-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով նշել, թե որ երկրների ներկայացուցիչներն են հրավիրվել ԱԳՆ։ Նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ հրավիրվել են հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները՝ Իրաքի, ԱՄԷ, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Սերբիայի, Լիտվայի, Լեհաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի, Ճապոնիայի և Միավորված ազգերի կազմակերպության։ Նշված այցին մասնակցած և ՀՀ-ում հավատարմագրված երկրների ոչ ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այցի առնչությամբ նույնպես փոխանցվել է բողոքի նոտա։