«Վեոն Արմենիա»-ի գրասենյակից փաստաթղթեր են առգրավվել. Գաղտնի տեղեկություն պարունակող հեռախոսային խոսակցությունները Ադրբեջանին հասանելի դառնալու միջադեպի հետքերով

7059

«Վեոն Արմենիա»- «Բիլայն»-ի գրասենյակում, ավելի շուտ ընկերության նոր սեփականատերեր՝ Եսայան եղբայրների գրասենյակում այսօր կատարվել են դատավարական գործողություններ, որոնց արդյունքում առգրավվել են որոշ փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ն այս տեղեկությունն ստացել է երկու տարբեր աղբյուրից, այդ թվում՝ աշխատակիցներից՝ ոչ պաշտոնապես, սակայն պաշտոնական մարմինները լռում են։

«Բիլայն»-ի գրասենյակում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն չեն իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդեց «Բիլայն»-ի ներկայացուցիչը։ ԱԱԾ-ից եւս նշեցին, որ իրենք որեւէ առնչություն չունեն «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակում կատարված խուզարկության հետ։ Նշենք, որ օրերս ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր նաեւ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելն ու առանձնազրույց ունենալու հանգամանքը, ինչը հաստատել էր անձամբ արքեպիսկոպոսը։

Ինչեւէ, «Փաստինֆո»-ին դեռ չի հաջողվել պարզել, թե որ մարմինն է հաստատապես կատարել դատավարական գործողությունները, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առգրավվել են որոշ փաստաթղթեր։

Նկատենք, որ Հայաստանի բջջային ու ինտերնետ կապի գլխավոր օպերատորի շուրջ վերջին շրջանում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ 2019թ․ թուրքական Turkcell-ի նախկին գլխավոր տնօրեն Kaan Terzioğlu-ին ներգրավվել Վեոնի տնօրենների խորհրդի կազմում, 2019-ի նոյեմբերին՝ դարձնել COO, իսկ 2020-ի մարտի 1-ին դարձնել CEO, այսինքն գլխավոր տնօրեն։ Սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ խուզարկությունը կատարվել է ոչ թե այս հարցի, այլ ադրբեջանցիներին հասու դարձած մի քանի հարյուր խոսակցությունների առնչությամբ, որի արտահոսքը տեղի է ունեցել «Ղ տելեկոմից»։

Դեռեւս հոկտեմբերին՝ Ռազմական դրության շրջանակներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել սահմանափակելու «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները եւ դրանք վերապահվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրավերով Արցախում են գտնվել նաեւ Եսայան եղբայրները, որոնք, ինչպես հայտնի է, հանդիսանում են Բիլայնի նոր սեփականատերերը եւ հենց նրանց է վերապահվել «Ղ տելեկոմի» աշխատանքների կազմակերպումը։ Այդ ընթացքում էլ Ադրբեջանի ձեռքում է հայտնվել մոտ 300 հեռախոսային խոսակցություն՝ նաեւ գեներալիտետի մասնակցությամբ, որոնք պարունակել են ռազմավարական նշանակության տեղեկատվություն։ Գործ ունենք հատուկ դիտավորության՞, թե՞ հանցավոր անփութության հետ՝ դա արդեն իրավապահների պարզելիք խնդիրն է,սակայն, ըստ շրջանառվող տեղեկատվության, կատարված առգրավումները վերաբերել են հենց տվյալ միջադեպին։

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է նշված հարցի վերաբերյալ հրապարակել «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերը գնած «Թիմ» ընկերության սեփականատերեր Եսայան եղբայրների, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու վերաբերյալ քննություն իրականացնող իրավասու մարմնի պարզաբանումները։