Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

23
Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)՝ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»: