Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը

56
Օնիկ Գասպարյան

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: