Այսօր Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Բացի այդ, որոշում էր կայացվել, որ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այլեւս չի ղեկավարի նաեւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը: Այն իր փոխարեն կղեկավարի նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
Եվ ահա, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս փոփոխությունը զարմանալի է եղել նաեւ իշխանական խմբակցության պատգամավորների համար, քանի որ շատերի կարծիքով Վարազդատ Կարապետյանը լավ եւ աշխատող պատգամավորներից է, որը կարող էր այս երկու բարեկամական խմբերում բավականին լավ աշխատանք կատարել: Ըստ խմբակցության պատգամավորների, վերջին ժամանակահատվածում Վարազդատ Կարապետյանը շատ է «մեկուսացել» խմբակցությունից, ինչի համար էլ նման որոշում է կայացվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ հարցի շուրջ խոսել չհաջողվեց, հեռախոսն անջատված է:











