UNESCO-յին դատի են տալու

29

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմելու է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` բացատրություն պահանջելով հունիսի 15-ին Փարիզում բացված «Խաչքարերի արվեստը» խորագրով ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ և նամակի պատճենն ուղղում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում «Խաչքարերի մշակույթ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների կողմից առանց որևէ բացատրության ներկայացված խաչքարերից հեռացվել են մշակույթի գործերի ծագումնաբանության մասին տեղեկությունը, թողնելով միայն հուշարձանների ստեղծման տարեթվերը: Այնուհետև Հայաստանի Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ քայլին դիմել է ադրբեջանական ու թուրքական կողմերի ճնշմամբ:

Ֆորումի լրատվական ծառայությունից տեղեկացնում են նաև, որ նամակի պատճեններն ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, UNESCO-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և UNESCO-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:

ԵՀՄՖ-ը պատրասվում է Եվրոպայի հայ իրավաբանների միջոցով գործ հարուցել UNESCO-ի այս ցուցահանդեսի պատասխանատու անձանց նկատմամբ, եթե UNESCO-ն չտա բավարար պատասխան կատարվածին: Միաժամանակ ԵՀՄՖ-ը սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ: