Ուկրաինան մտադիր է բոլոր ոլորտներում թուրքական ընկերություններ ներգրավել

25

Ուկրաինան մտադիր է բոլոր ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար ներգրավել թուրքական ընկերությունների: Այդ մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին:

Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում, դրանք կառուցողական են և արդյունավետ երկու երկրների համար: Կրիկլին հիշեցրել է, որ Ուկրաինայում գործում են մեծ թվով թուրքական ընկերություններ, որոնք զբաղվում են ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ ճանապարհաշինությամբ:

«Մենք ցանկանում ենք ավելի շատ թուրքական ընկերություններ ներգրավել: Մենք ցանկանում ենք տեսնել թուրքական ֆիրմաներ ոչ միայն կառավարության նախագծերում, այլ նաև, օրինակ, պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերում, որոնք մեկնարկելու են այս տարի»,- ասել է Կրիկլին:

Ըստ նախարարի՝ թուրքական ընկերությունները դիմել են՝ նավահանգիստների և օդանավակայանների կառուցման լիցենզավորման պայմանագրեր կնքելու: «Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել երկու հետաքրքիր նախագիծ: Առաջինը երկաթուղային կայանի կառուցման լիցենզավորման պայմանագրի նախագիծ է, երկրորդը ճանապարհային նախագիծ է, որն իրականացնելու են պետական և մասնավոր հատվածները՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ»,- ասել է ուկրաինացի նախարարը: