Ուկրաինական, իսրայելական ու բելառուսական բեռնատար ինքնաթիռներն են հիմա Բաքու թռչում. Սարիկ Անդրեասյանի պատասխանը՝ Զելենսկուն

14

Ինչպես արդեն հայտնել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էմոցիոնալ պատասխան է տվել կինոարդյունաբերության իր գործընկեր, ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանին, ով նրան մեղադրել է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ հայ երեխաների մահվան մեջ:

Այսօր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում պատասխանել է Ուկրաինայի նախագահին:

«Ուզում եմ քեզ ասել, Վլադիմիր Զելենսկի, շատ շնորհակալություն, որ դու պատասխանեցիր ինձ, և իմ հոգու ճիչը քեզ անտարբեր չթողեց: Ես կարծում եմ, որ սա շատ արժանի օրինակ է այն բանի, որ նախագահն անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ խոսում են իր ու իր երկրի մասին:

Ես կպատասխանեմ քեզ ռուս մեծագույն լեզվով:

Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ, երբ սկսվեց պատերազմը, մենք տագնապի ահազանգ բարձրացրինք ու ասացինք, որ մեզ վրա առաջինն են հարձակվել, բայց Ալիևը ժխտում է դա, սակայն ինչ-որ պահի ընդունեց, որ դա այդպես է:

Ապա մենք ասում էինք, որ կռվում ենք սիրիացի գրոհայինների դեմ, թեպետ Ալիևը նաև դա էր ժխտում: Բայց երբ գրոհայինները սկսեցին մեռնել ու գերի ընկնել, ողջ քաղաքակիրթ աշխարհն ընդունեց այդ փաստը:

Դրանից հետո մենք ասում էինք, որ կռվում ենք թուրքական բանակի դեմ, և կրկին այդ ամենը ժխտում էին, քանի դեռ մենք չէինք սկսել խոցել թուրքական անօդաչուներն ու թուրքական ռազմական տեխնիկան:

Քանդված են հազարավոր տներ, հարվածներ են հասցված եկեղեցիներին ու հիվանդանոցներին: Սա փաստ է, որն անհանգստացնում է ողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է:

Դու ճիշտ ես այն հարցում, որ շատ երկրներ են զենք վաճառել Ալիևին, բայց ուկրաինական, իսրայելական ու բելառուսական բեռնատար ինքնաթիռներն են հիմա Բաքու թռչում, և համարձակվում եմ ենթադրել, որ դրանք ուկրաինական սալ, հումուս կամ կարտոֆիլ չեն տեղափոխում:

Վերը թվարկածից հետո ես կարող եմ վստահել հայկական կողմին ու հավատալ, քանի որ, բացի պաշտոնական աղբյուրներից, ես նաև ընկերներ ունեմ, որոնք Ստեփանակերտում օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ծերերին ու երեխաներին:

Ես որևէ կուսակցության անդամ չեմ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում: Ես երբեք կոչ չեմ արել ընտրել ու երբեք չեմ քարոզել ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օգտին Ռուսաստանում: Հենց այդ պատճառով էլ մեղադրանքները, որ ես տրվել եմ քարոզչությանը, համարում եմ ոչ օբյեկտիվ:

Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ իմ ժողովուրդը չի կռվում ո՛չ Փաշինյանի, ո՛չ Պուտինի, ո՛չ էլ նախկին նախագահների համար:

Իմ ժողովուրդը պաշտպանում է իր տունը, իր երեխաներին, իր մշակույթը, հավատը ու իր գլխին խաղաղ երկինք է ուզում»,- ինստագրամյան իր էջում գրել է հայազգի ռեժիսորը։