Ուկրաինա-ադրբեջանական հակահայ տանդեմը շարունակվում է․ դեսպանի ոգևորված գրառումը բռնազավթված Շուշիից

622

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն այցելել է բռնազավթված Շուշի և հետո իր թվիթերյան էջում գրել, որ իբր թե իր «երազանքն իրականացավ վերջապես»։

Նշենք, որ երեկ արբեջանական դիվանագիտական կորպուսում հավատարմագրված մի շարք դեսպաններ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ են այցելել 44-օրյա պատերազմից հետո բռնազավթված Շուշի, նրանց թվում էր նաև Վլադիսլավ Կանևսկին՝ նույն ինքը Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը։

Պարզվում է՝ վերոնշյալ դեսպանի երազանքն է եղել այցլելել Շուշի, բայց չգիտես ինչու նա չի կարողացել այցելել նախորդ 30 տարիներին, երբ Շուշին ծաղկում էր ապրում իր իրական տերերի ձեռքում։

Ուկրաինայում հակահայ տրամադրությունները դեռ պատերազմի օրերին էին աչքի ընկնում, երբ այդ երկրի օդային տարածքով զենք-զինամթերք էր շարունակում ստանալ Բաքուն։

Հետաքրքիր է նաև դեսպանի գրառման մեկ այլ հատված, որտեղ նշում է, որ սա իր առաջին ծանոթությունն էր պատմական և մշակութային մեծ ժառանգության հետ։ Զարմանալի է՝ մի՞թե Կանևսկին չնկատեց, որ Շուշիում իրանական մզկիթից բացի մնացած ամեն ինչ հայկական ժառանգության մաս էր և ադրբեջանական ոչինչ չկար այնտեղ։ Հավանաբար կույր ադրբեջանասիրությունը ուղեղում խառնաշփոթ է առաջացրել պատմական փաստերի հանդեպ։

Տարիներ առաջ Հայաստանում Ուկրաինայի դեսպան էր Ալեքսանդր Բոժկոն, ով հայասեր էր և լավ տիրապետում էր ոչ միայն հայերենին, այլև հայոց պատմությանը։ Լավ կլինի պարոն Բոժկոն իր հայրենակիցներին լուսավորի Հայաստանի պատմական անցյալի, Արցախի պատմական ակունքների և ծագման մասին։ Երևում է, որ Ուկրաինայի դիպկորպուսում լավ չգիտեն այդ ամենը։

Եվ վերջում դեսպանին, ով հավանաբար լավ պարգևատրվել է այս գրառման համար, պետք է հասկացնել, որ Շուշին այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ի տարբերություն իր պատկերացումների։

Ի դեպ, Շուշիի բռնազավթված լինելու փաստը ապացուցում է նաև այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են այս այցից։

Պարոն Կանևսկիին խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Արցախյան հակամարտության ծագումը, ընթացքը, առաջին պատերազմի արդյունքները և հետագա զարգացումը։