Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը՝ մեկնաբանելով Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:
«Մենք ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում շարունակելու ենք համատեղ գործել եղբայր Ադրբեջանի հետ: Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով»,-գրել է Թուրքիայի փոխնախագահը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը:
Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:











