«Հրապարակի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ վերջին շրջանում մենք տեսնում ենք հայ-թուրքական ցավակցային փոխադարձ ուղերձներ, եւ ինքը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա հիմնավորում է դիվանագիտական էթիկետով, երբ հարեւան երկրները կամ ուղղակի երկրները նման դեպքերում ցավակցում են:
«Ենթադրում եմ, որ իրենց ամենակարեւոր հիմնավորումը դա է լինելու, բայց, հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, արցախյան պատերազմում նրա բացահայտ ներգրավվածությունը, բազմահազար զոհերի մեջ Թուրքիայի ուղղակի մեղսակցությունը, Հայաստանի չափից ավելի ջերմեռանդությունն այս ցավակցային հեռագրերն ուղարկելու հարցում, կարծում եմ, այնուամենայնիվ, որոշ տարընկալումների պատճառ է դառնում, եւ ավելի զսպվածությունը եւ ավելի հաշվարկով տեքստերը ձեւակերպելը օգտակար կլինի Հայաստանի համար»,- ասում է արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:











