Թուրքիայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ․ Արա Այվազյան

1344

Շատ կարևոր է, որ ԱԳՆ-ում մեր գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։ Ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։

Արա Այվազյանը նշեց, որ բոլոր ժամանակներում առնվազն Հայաստանի կողմից եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որն ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ Թուրքիայի հետ որևէ երկխոսություն չկար։

«Պետք է տարբերակել նորմալ պայմանները և այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում և Հայաստանին առաջարկվող նախապայմանները»,-նշեց նախկին նախարարը։

Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ Արա Այվազյանը հույս հայտնեց, որ մեր դիվանագետները հաշվարկում են այն սպառնալիքները, մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այդ ձևաչափի հետագա աշխատանքի հետ կապված։

Հարցին՝ արդյոք այդ ձևաչափը կարո՞ղ է խանգարել արցախյան հարցի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքներին, Արա Այվազյանը նկատեց՝ պաշտոնապես հայտարարվում է, որ այդ ձևաչափը չպետք է կրկնի այն գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ձևաչափերի շրջանակում, բայց մեզ հայտնի են և՛ Անկարայի, և՛ Բաքվի հայտարարությունները։

«Մտավախություն ունեմ, որ այս ձևաչափը կարող է փորձել չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկել են»,-ասաց Արա Այվազյանը։

Դիտարկմանը, որ Թուրքիան միշտ նախապայմաններ է ներկայացնում, այս իրավիճակում կկարողանա՞նք նրանց հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Արա Այվազյանն ասաց.

«Երբ պաշտոնին էի, ասում էի, որ խոսքեր լսելու ժամանակն անցել է, և մենք պաշտոնական Անկարայից դրական քայլերի ենք սպասում։

Ցավոք սրտի ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ և ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր։ Դրա համար բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս «3+2» ձևաչափը»,-ասաց նախկին նախարարը։