Թուրքիայի և Պակիստանի միջև հուշագիր է ստորագրվել

47

Այսօր Իսլամաբադում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Կողմերը հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային հարցերի վերաբերյալ փոխադարձ շահերի համար համատեղ ռազմավարություն որդեգրելու հարցում:

Նախարարների հանդիպումից հետո միջգերատեսչական հանդիպում է կայացել, որի ընթացքում Թուրքիայի ԱԳ ղեկավարի և Պակիստանի կրթության նախարարի միջև «Թուրքիայի կրթության հիմնադրամի» կարգավիճակի և գործունեության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:

Նշվում է, որ հիշյալ հուշագրով «Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանում հանրային հաստատության կարգավիճակ է ստանում, ինչպես նաև պաշտպանվում են Պակիստանում այդ հիմնադրամի ներդրումները:

Այս հուշագրով նախատեսվում է ընդլայնել այդ հիմնադրամի գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դպրոցական, համալսարանական, ուսանողների փոխանակման, կրթական և մշակութային կենտրոնների ծրագրերն ու կրթաթոշակները:

«Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանի 10 տարբեր քաղաքներում գտնվող 27 համալսարանների ավելի քան 12.000 ուսանողի կրթություն է տալիս: Հիմնադրամն այդ երկրում նաև ունի ուսանողական 9 հանրակացարան և ավելի քան 1800 աշխատող:

Հիշեցնենք, որ Իսլամաբադում նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ են հանդիպում։ Առաջին նման հանդիպումը 2017 թվականի նոյեմբերին Բաքվում էր։