Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ այն որակելով միակողմանի։
«1915թ. դեպքերի հարցում պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարություններն առոչինչ են՝ ներառյալ նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա անհաջող հայտարարությունը, որը 2021թ.-ին արած սխալի կրկնությունն է»:
Թուրքիան պաշտոնապես կրկին մերժում է Հայոց ցեղասպանության հարցը՝ Բայդենին մեղադրելով «քաղաքական շարժառիթներով պատմական իրողությունների խեղաթյուրելու համար և դատապարտում»։
Հիշեցնենք, որ այս տարի ևս Բայդենն իր ուղերձում օգտագործել էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը։
«1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանն ու հասարակական գործիչներին: Այդպես սկսվել է Հայոց ցեղասպանանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի, զանգվածային չարագործություններից մեկը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն հայերի հիշատակը, որոնք տեղահանվել են, սպանվել բնաջնջման արշավի շրջանակում, եւ սգում ենք այդքան մարդկանց ողբերգական մահը:
Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ հաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության կործանարար ազդեցության նկատմամբ՝ դրա բոլոր դրսեւորումներում: Մենք կրկին պարտավորվում ենք խոսել եւ վերջ դնել չարագործություններին, որոնք անբուժելի սպիեր են թողնում աշխարհում: Եվ սգալով այն ամենի համար, ինչ կորսվել է «Մեծ Եղեռնի» ժամանակ, եկեք կրկնապատկենք մեր ջանքերն՝ ուղղված ապաքինմանն ու ավելի լավ, խաղաղ աշխարհի կառուցմանը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար: Աշխարհ, որում պահպանվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության եվ անհանդուրժողականության արատները չեն ընդգրկվում մեր առօրյայում եւ որտեղ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ:
Սա նաեւ հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին մտածելու պահն է: Վերապրելով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը լի էր իր համայնքը եւ իր մշակույթը վերականգնելու վճռականությամբ, հաճախ նոր տներում եւ նոր հողում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:
Ամերիկահայերը Միացյալ Նահանգների հյուսվածքի կենսական կարեւոր մասն են կազմում: Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու դինամիկ են դարձնում, թեեւ շարունակում են կրել ողբերգական գիտակցումն այն բանի, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել իրենց նախնիները: Մենք ընդունում ենք նրանց ցավը եւ հարգում նրանց պատմությունը:
Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում հարգել բոլոր հայերին, որոնք զոհվել են Ցեղասպանության հետեւանքով»,- ասված է ԱՄՆ առաջնորդի ուղերձում:











