Թուրքիան չի հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից․ Էդմոն Մարուքյան

15
Էդմոն Մարուքյան

Էրդողանի հայտարարությունները հակասում են մեկը մյուսին։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և այն իրականացնողի անունը շքերթի ժամանակ առանձնակի դիտավորությամբ հնչեցնում, նշանակում է՝ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից․ «Հետևաբար անվտանգության առումով չենք կարող վստահություն ունենալ։ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն այն մասին են, որ այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու։ Պատահական չէ Ռուսաստանի ռեակցիան, որովհետև իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանի դեմ են գնում, որովհետև այս փաստաթղթի միջնորդը և պահպանողը, դրան հետևողը ՌԴ-ն է, և այս առումով մինչև չձերբազատվեն իրենց ցեղասպանական հայտարարություններից, մինչև չձերբազատվեն այդ հայտարարությունից, որ Երևանն էլ է իրենցը, չեմ պատկերացնում որևէ հարաբերություն հանուն տարածաշրջանի զարգացման ճանապարհները բացենք, առևտուր անենք։ Նախ պետք է մարդիկ այդ հռետորաբանությունից հրաժարվեն։ Ակնհայտ պետք է երաշխիք լինի, որ որևէ նպատակ չկա՝ ոտնձգություն իրականացնել ՀՀ-ի սուվերեն տարածքի կամ Արցախի մնացած տարածքի նկատմամբ։ Մեր վերքերն այսօր շատ թարմ են։ Մենք չենք կարող այդ խոսակցությունները հիմա վարել, եթե անգամ հիմա ասեին, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի հարց չունեն մեզ հետ»,-ասաց պատգամավորը։