Թուրքերը 1 ժամ ժամանակ են տվել, որ տարածքը ազատեն․ ես չեմ կարող ասել` քանի բնակիչ է․ Որոտանի գյուղապետ

239

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքի հատվածում 44-օրյա պատերազմից հետո վիճելի տարածքի շուրջ բանակցություններն ընթանում էին մինչ օրս։ Իսկ այսօր արդեն ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են և բնակիչներից ոմանց 1 ժամ ժամանակ տվել՝ տարածքները լքելու համար։ Factor.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց՝ խոսքը այգեգործական կազմակերպությանը պատկանող հատվածի մասին է։

«Խոսքը վերաբերում է այգեգործական կազմակերպությանը պատկանող հատվածին, Գորիսից ու տարբեր տեղերից 88 թվից մարդիկ եկել են, ապրում են էդտեղ, գործկոմի որոշմամբ՝ այդ տարածքը տվել են իրենց, մարդիկ եկել, շինարարություն են արել, այգի են տնկել, ամեն ինչ արել․․․ հիմա եկել են, ասում են՝ թուրքերը մեկ ժամ ժամանակ է տվել, որ տարածքը ազատեն, ես չեմ կարող ասել՝ քանի բնակիչ է, որն է սահմանը, որը՝ չէ։ Չկա վերադասներից ոչ մեկը, չկա մեկը՝ սահման ցույց տա։ Չգիտեմ էլ՝ մենակ եմ մնացել, թե չկամ արդեն, չգիտեմ՝ որն ա ճիշտը, որն ա՝ սխալ։ Մի վերադաս չկա, որ գա, ասի՝ այ ցավդ տանեմ, էսքան բնակիչ պիտի հանես։ Մարդ չկա»,- ասաց նա։