«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է, որ «Տեղական կործանիչ ինքնաթիռ» (MMU) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամսական արտադրել 2 միավոր TF-X կործանիչ։ Դրանցից յուրաքանչյուրը կարժենա 100 մլն դոլար։
Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆո-ն՝ հղում անելով ռազմական հարցերով մասնագիտացված Defence and Technology կայքին։ Թ․ Քոթիլն ասել է, որ ինքնաթիռների արտադրման համար մինչ օրս Թուրքիան ստացել է 600 մլն դոլարի աջակցություն։ Ըստ նրա՝ միայն MMU ծրագրի շրջանառության ծավալից ստացվելիք տարեկան եկամուտը կկազմի 2․4 մլրդ դոլար։
TAI տնօրենի պնդմամբ՝ այժմ կործանիչների նախագծի վրա աշխատում է մոտ 1000 թուրք ինժեներ, որոնց թիվը ընկերությունը ցանկանում է հասցնել 6000-ի։ Նախագծի վրա աշխատում է նաև շուրջ 100 բրիտանացի ինժեներ։
Հարցին, թե Պակիստանը կմասնակցի արդյոք «Տեղական կործանիչ ինքնաթիռ» ծրագրին, Քոթիլը պատասխանել է, որ դա ավելի շատ դիվանագիտական խնդիր է և դեռ որևէ երկիր պաշտոնապես չի մասնակցում ծրագրին։














