Թշնամու Hermes-900-ը խոցվել է ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտի հաշվարկներով

8

Տավուշում 4 օրվա ընթացքում չեզոքացվել է 13 ԱԹՍ, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։

«Խոցվել է 10 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք, մեկ ռազմավարական՝ «Hermes-900», և 3-ը՝ «Օրբիտեր-2» և «Օրբիտեր-3» տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր»,- ասաց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը:

ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանն էլ հայտնեց, որ այս օրերին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ԱԹՍ չի խոցվել:

«Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները»,- վստահեցրեց Բալայանը:

Գեներալը հպարտությամբ հատկանշեց, որ «Hermes-900»-ի խոցումը կատարվել է ռազմական ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտներից մեկի հաշվարկներով: